Ֆրանսիայի հայտարարությունները կարող են վերածվել իրական գործողությունների. ամեն ինչ կախված է Հայաստանից: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: «Եթե ցանկանում ենք, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, ապա այդ մասին անհրաժեշտ է հստակ հայտարարել, եւ ձեռնարկել կոնկրետ գործողություններ այդ ուղղությամբ: Այս իմաստով գնդակը Երեւանի դաշտում է», - հավելել է նա:
Փորձագետը նշել է, որ վերջին ամիսներին, հատկապես հետպատերազմյան շրջանում, Ֆրանսիան բավականին ակտիվ ներգրավվածություն է ունեցել տարածաշրջանային գործընթացներում: «Տպավորությունն այնպիսին է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Հայաստանին այս ծանր իրավիճակում: Փարիզը համապատասխան հայտարարություններ է արել տարբեր մակարդակի պաշտոնյաների անունից: Այս տեսանկյունից Ֆրանսիան մեզ համար կարեւոր երկիր է, սակայն հարցն այն է, որ Երեւանն ինքը պետք է ձեւավորի իր տեսլականը: Ի՞նչ է նա ակնկալում Փարիզից», - ընդգծել է Սուրեն Սարգսյանը: Հայաստանում Ֆրանսիան ներկայացված է բոլոր ուղղություններով եւ բավականին լուրջ ազդեցություն ունի մեր երկրում: Քաղաքագետը, սակայն, քիչ հավանական է համարում, որ Ֆրանսիան ռազմական ներկայություն կունենա Հայաստանում:
«Ընդհանուր առմամբ, Փարիզի ակտիվ գործունեությունը տարածաշրջանում կարող է թուլացնել Անկարայի բացասական դերը մեզ համար, քանի որ Ֆրանսիայի գործողությունները պայմանավորված են նաեւ Թուրքիայի վարքագծի հետ կապված Ֆրանսիայի բացասական վերաբերմունքով: Դա է վկայում այն փաստը, որ Ֆրանսիայի մոտեցումները հաճախ ոչ այնքան հայամետ են, որքան հակաթուրքական: Սա շատ կարեւոր դետալ է, որը պետք է հաշվի առնել», - ընդգծել է փորձագետը: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարած վերջին այցին, Սարգսյանի կարծիքով, կողմերը, ամենայն հավանականությամբ, լուրջ հարցեր չեն քննարկել՝ հաշվի առնելով այն փաստը, որ այցի ժամանակը այնքան էլ հաջող չէր՝ Հայաստանում արտահերթ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ: «Ընդունող երկիրը միշտ նման պայմաններում հանդիպումներին որոշակի վերապահումներով է մոտենում՝ հաշվի առնելով ընտրությունների հնարավոր արդյունքները: Ընդհանուր առմամբ, նշանակալի արդյունքներ չեն գրանցվել:
Ինչ վերաբերում է արարողակարգային հատվածին, ապա Ֆրանսիայում հայ ղեկավարներին միշտ բարձր մակարդակով են ընդունել: Փաշինյանի այցը եւս բացառություն չէր», - եզրափակել է նա: Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ Ֆրանսիայի գործունեությունը կապված է այն բանի հետ, որ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր՝ նա ձգտում է վերականգնել իր դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում: «Պատերազմի արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի դուրս եկավ Ղարաբաղյան հիմնահարցի քննարկման գործընթացից: Ռուսաստանը ստացավ իր խաղաղապահ ուժերը տեղակայելու մենաշնորհային իրավունք եւ հանդես է գալիս որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
Մակրոնի ջանքերը հենց այս հարթության մեջ եմ դիտարկում: Իհարկե, Ֆրանսիայի գործունեության մեջ որոշակի դեր են խաղում նաեւ նրա երկարամյա բարեկամական կապերը ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ հայկական մեծ համայնքի հետ: Սակայն ամենակարեւորը Փարիզի ցանկությունն է՝ վերադառնալ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթաց», - պարզաբանել է նա: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-2-ը այցելել է Փարիզ, որտեղ հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:




























