Հայաստանում չկա արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն, նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: «Սահմանադրության այդպիսի կետեր չկան, որ ստիպեն Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, բացի այդ՝ այդ պահանջը չկա նաեւ հասարակության կողմից: Այսինքն՝ արտահերթ ընտրությունների ոչ հասարակական պահանջը կա, ոչ էլ իրավական հիմքերը, անունը ի՞նչ դնենք, որ արտահերթ ընտրություններ անցկացնենք: Հատկապես,որ առաջիկա ընտրություններին մնացել է ընդամենը յոթ-ութ ամիս»,- հայտարարեց Պետրոսյանը:
Նրա խոսքով, այժմ բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են հերթական ընտրություններին, ինչը պետք է անի նաեւ Հայ ազգային կոնգրեսը եւ գուցե առաջիկա խորհրդարանում ունենա 15-20 պատգամավորական տեղ:
«Ռաֆիկ ջան, էդ 20 տեղը պինդ պահեք, չկորցնեք հանկարծ, պինդ պահեք»,-առաջարկին այսպես արձագանքեց ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս` ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը, նկատելով, թե հերթական ընտրությունները լինելու են հերթական խարդախությունը, որին Կոնգրեսը չի պատրաստվում մասնակցել:
Ընդդիմադիր գործիչը թվեց նախորդ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած մի շարք ընտրախախտումներ: Ռաֆիկ Պետրոսյանն էլ նշեց, թե ընտրախախտումներ եղել են նաեւ նախորդ իշխանությունների օրոք, իսկ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմության ներկայացուցիչը ընտրախախտում էր արել` Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին կեղծելով 300 քվեաթերթիկ:
Այս հայտարարությունը վրդովեցրեց Գուրգեն Եղիազարյանին. «Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ երկրում ենք ապրում, որտեղ ընդդիմությունը սրանց տանկերի, հրթիռների, ինքնաձիգների տակ գնում ա, երեք հարյուր թերթիկ ա լցնում»,-հայտարարեց Եղիազարյանը` հավելելով, որ խախտումներ անում են «իշխանությունների ուղարկած սրիկաները»: Ընտրությունների մասին խոսելիս` ՀՀԿ-ական պատգամավորը նշեց Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք, ըստ նրա, ընտրությունների անցկացման նոր որակ են խոստանում: Մինչդեռ, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, հարկավոր է, որ իշխանությունն ու ընդդիմությունը նստեն սեղանի շուրջ ու պայմանավորվեն գոնե մեկ անգամ մաքուր ընտրություններ անցկացնելու շուրջ:



























