Հանքարդյունաբերությունը դարձել է պետական պաշտոնյաների մենաշնորհ, այսօր` հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: «Տարիներ առաջ նախարար եղած մարդը, որ հիմա խորհրդարանի հանձնաժողով է ղեկավարում, 10-14 հանքերի է տիրացել` ընդերքի մասին օրենք պիտի ընդունի»,- ասաց Հ. Սանասարյանը, նկատի ունենալով ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին:
Հ. Սանասարյանի կարծիքով, առաջին ընթերցմամբ ընդունված ընդերքի մասին օրենքն ունի մի շարք անընդունելի կողմեր: Այսպես. հանվել է մրցույթի կարգը: Օրենքի նոր խմբագրությամբ հանքի շահագործման իրավունքը տրվում է առաջինը հայտ ներկայացրած ընկերությանը:
Հաջորդ անընդունելի որոշումը կապված է անտառային տարածքների օգտագործման հետ: Ըստ բնապահպանի, թույլ է տրվում անտառային տարածքներն օգտագործել հանքարդյունաբերական նպատակներով, ինչը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ Հայաստանի համար:
Մյուս խնդիրը կապված է պոչանքների հետ: Ըստ Սանասարյանի, օրենքի նախագծում ընդհանրապես բացակայում է «պոչանք» հասկացությունը, իսկ հանքարդյունաբերողներն ազատվել են թափոնների համար վճարներ կատարելու պարտավորությունից:
Բնապահպանի կարծիքով, ընդերքի մասին գործող օրենսդրությունը բազմաթիվ թերություններ ունի, սակայն ներկայացված նախագիծն ավելի վատն է:




























