Ցավոք, վերջին 1,5 տարվա ընթացքում Հայաստանում զբոսավարները գործազուրկ են եղել, սակայն մայիսի առաջին օրերին ռուսախոս զբոսավարները ստացել են աշխատանք: Խիստ բարենպաստ էր, որ ռուսները ընտրել էին Հայաստանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ Լիա Բախշիյանը:
Նրա խոսքով, եթե համեմատենք 2019 թվականի թվերի հետ, ապա 2021 թվականին ռուսախոս զբոսաշրջինկերի թիվն ավելացել է 40 տոկոսով:
«Բնականաբար, տարվա ընթացքում կարող է նաեւ գրանցվել զբոսաշրջիկների ակտիվության որոշակի անկում, սակայն, ինչպես հաղորդում են տուրօպերատորները, պահանջարկն անընդմեջ փոփոխվում է, եւ հույս կա, որ ռուսախոս զբոսաշրջիկները տարվա ընթացքում կայուն կերպով կժամանեն: Իտալացիները նույնպես միտված են Հայաստան այցելել, հետաքրքրություն կա նաեւ գերմանախոս եւ անգլախոս զբոսաշրջիկների շրջանում»,-նշել է նա:
Լիա Բախշիյանը հավելել է, որ զբոսավարների աշխատավարձում փոփոխություններ չեն գրանցվել. որքան վաստակել են, այնքան էլ կվաստակեն:
Հեռավոր էքսկուրսիաներն արժեն շուրջ 25 հազար դրամ (50 դոլարից պակաս), Երեւանի կենտրոնում՝ 15 հազար դրամ (30 դոլարից պակաս): Խոսքը պրոֆեսիոնալ զբոսավարների ծառայությունների մասին է: Անհրաժեշտության դեպքում գները կարելի է իջեցնել 5 հազար դրամով (10 դոլար), սակայն պրոֆեսիոնալ զբոսավարը չպետք է աշխատի 15 հազար դրամից պակաս գումարի համար:
Եթե գինը զգալիորեն իջեցվի, ապա կադրերի կտրուկ արտահոսք կլինի դեպի այլ ոլորտներ, ինչը զբոսաշրջիկների այցելություններն ավելի հաճախակի դառնալու ժամանակ կհանգեցնի զբոսավարների պակասի: Այս երեւույթը նկատվել էր անցյալ տարի. զբոսավարների 1 տոկոսը լքել էր ոլորտը:
Հայաստանում ընդհանուր առմամբ կա շուրջ 180 պրոֆեսիոնալ զբոսավար, այժմ աշխատում է նրանց 40 տոկոսը»,-ընդգծել է ՀԿ-ի փոխնախագահը:
Ինչ վերաբերում է դեպի Արցախ ուղեւորություններին, ապա նա հույս է հայտնել, որ ապագայում, երբ պահանջարկ լինի, կկազմակերպվեն տուրեր դեպի Ստեփանակերտ:





























