Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսություն սկսելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին կհաջորդեն նոր արձագանքներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 27-ին հայտարարեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը: «Սերժ Սարգսյանի անդրադարձը ՀԱԿ-ին ուղղված առաջին նախադասությունն է, որին կհաջորդեն երկրորդը, երրորդը»,-նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը` հավելելով, որ երկխոսության «ակցենտները քիչ-քիչ փոխվում են»:
Նրա խոսքով, մոտ ապագայում ՀԱԿ-ի եւ իշխանությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունները կնստեն սեղանի շուրջ եւ ավելի առարկայական կդարձնեն երկխոսությունը:
Իսկ ահա ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն այլ կարծիքի է. «Պատվիրակությունների բանակցություններ երբեք տեղի չեն ունենա:
Պատվիրակություններով բանակցություններ տեղի են ունենում միայն պետությունների միջեւ: Իսկ ՀԱԿ-ը պետություն չի Հայաստանում, որ իրենց հետ պատվիրակություններով բանակցենք»:
Նրա խոսքով, ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը կարող է կայանալ իշխանության տարբեր կառույցների հետ` ԱԺ նախագահ, վարչապետ եւ այլք, ինչի մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը: Գուրգեն Եղիազարյանը կրկին հայտարարեց, որ իշխանության առաջին դեմքի կողմից առաջիկայում դարձյալ կլինեն հայտարարություններ, որոնք կհստակեցնեն երկխոսության ձեւաչափը: Իսկ երկխոսության գլխավոր թեման, ըստ նրա, արտահերթ համապետական ընտրություններն են, կապ չունի` խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական:




























