Ադրբեջանի նախագահը դարձյալ զբաղվում է ագրեսիվ հռետորությամբ` հայտարարելով, որ իր երկիրը մտադիր է բոլոր հնարավոր միջոցներով վերականգնել «տարածքային ամբողջականությունը» եւ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, որը «բռնազավթել է Հայաստանը»: Այդ մասին հաղորդում է «Russia Today» շուրջօրյա լրատվական հեռուստաալիքը:
Ելույթ ունենալով հունիսի 26-ին Բաքվում կայացած զորահանդեսում` նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ԵԱՀԿ միջնորդությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ամցկացված բազմաթիվ բանակցությունների առարկա Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է եւ ուշ թե շուտ կվերադարձվի երկրին:
«Ես լիովին վստահ եմ, որ մեր տարածքային ամբողջականությունը կվերականգնվի բոլոր միջոցներով: Դա անելու համար մենք պետք է լինենք ավելի ուժեղ»,- հայտարարել է Ալիեւը: Ադրբեջանի նախագահը ընդգծել է, որ իր երկիրը մտադիր է շարունակել դիվանագիտական ջանքերը, որպեսզի պահպանի իր տարածքային ամբողջականությունը, բայց նշել է, որ Ադրբեջանը դեռ ապրում է «պատերազմական դրությունում»:
Ալիեւի խոսքով, նախորդ տարիներին Ադրբեջանի ռազմական ծախսերը կտրուկ աճել են` 2003 թվականի 160 միլիոն դոլարից 2011 թվականին հասնելով 3,3 միլիարդ դոլարի: Ալիեւը նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի միայն ռազմական ծախսերը Հայաստանի ամբողջ պետբյուջեն գերազանցել են 50 տոկոսով: Նա ավելացրել է, որ ռազմական բյուջեն մնում է իր երկրի գլխավոր առաջնահերթությունը, քանի դեռ Հայաստանը չի ազատել «ադրբեջանական հողերը» եւ Ադրբեջանի հետ չի ստորագրել խաղաղության պայմանագիր:
«Լեռնային Ղարաբաղը հնամենի ադրբեջանական հող է: Այդպես եղել է միշտ եւ այդպես է այժմ: Այն ընդամենը ժամանակավոր բռնազավթման տակ է, սակայն այդ բռնազավթումը չի կարող շարունակվել երկար»,- հայտարարել է Ալիեւը:
Կազանում կայացած բանակցություններում կողմերը պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը: Սակայն բազմաթիվ փորձագետներ միակարծիք են, որ հանդիպումը ոչ մի արդյունք չի տվել:




























