Ջերմուկ քաղաքի սկզբնամասում հունիսի 4-ին խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը մահացել է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Արթուր Հարությունյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունիսի 4-ին Ջերմուկ  քաղաքի սկզբնամասում  տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ГАЗ 2401-ը վարել է Ջերմուկ քաղաքի բնակիչ, 72-ամյա Խաչիկ Մարգարյանը, իսկ Nissan Patrօl-ը վարել է Ջերմուկ  քաղաքի բնակիչ, 33-ամյա Սամվել Խաչատրյանը:

Նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Խ. Մարգարյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 4-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղի թիվ 10 հասցեի դիմաց բախվել են Սամվել Խաչատրյանի վարած Nissan Patrօl մակնիշի և Համիկ Մարգարյանի վարած ГАЗ 2401 մակնիշի ավտոմքենաները։ Բախման հետևանքով Nissan-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, իսկ 2410-ը վերածվել է մետաղե ջարդոնի։ Վթարի հետևանքով 2 վարորդները, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։

Վիրավորներից Հ. Մարգարյանին ավտոմեքենայից դուրս էին բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։