ԳԴՀ-ում Ռուսաստանի հետախուզական ակտիվությունը հասել է սառը պատերազմի ժամանակաշրջանի մակարդակին, համարում է Գերմանիայի սահմանադրության պաշտպանության հարցով դաշնային վարչության ղեկավար Թոմաս Հալդենվանգը:

Նրա խոսքով՝ ներկայիս մակարդակը համեմատելի է սառը պատերազմի ժամանակաշրջանի հետ: Հալդենվանգը մանրամասնել է, որ ռուսական հետախուզությունն ունի Գերմանիայում բազմապրոֆիլ հետաքրքրություն քաղաքականության գրեթե բոլոր ոլորտներում՝ ե՛ւ արտաքին քաղաքականությունում, ե՛ւ սպառազինությունների քաղաքականությունում, պաշտպանական, ինչպես նաեւ ԵՄ, եւ որպես առաջնահերթություն՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունում:

«Մեթոդները դառնում են է՛լ ավելի կոշտ, իսկ միջոցներն՝ է՛լ ավելի դաժան»,-նշել է Թոմաս Հալդենվանգը՝ հիշեցնելով 2019 թվականին Բեռլինում Զելիմխան Խանգոշվիլիի սպանության մասին, որում Դաշնային դատախազությունը մեղադրում է ռուսական պետական կառույցներին: Հալդենվանգի խոսքով՝ օգտագործելով մեծաքանակ գործակալներ՝ ռուսական հատուկ ծառայությունները փորձում են շփումներ հաստատել անձանց շրջանում, որոնք քաղաքական որոշումներ են կայացնում:

Իր հերթին Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Քալը Հալդենվանգի հետ համատեղ հարցազրույցում Չինաստանի եւ Ռուսաստանի պես երկրների մասին խոսելիս  ընդգծել է, որ դրանք կիրառում են Գերմանիայում «նոր միջոցներ» հետախուզության նպատակով: Նրա խոսքով՝ ամենաբազմազան մեթոդների միջոցով այդ երկրները փորձում են ապահովել սեփական առավելությունն ու պառակտում մտցնել արեւմտյան պետությունների միջեւ: