Երեւանի բնակչուհի Աննա Հովհաննիսյանի դաժան սպանության փաստով հարուցված քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի  ընդհանուր իրավասության դատարան:

Հունվարի 21-ի առավոտյան Աբովյան-Նոր Հաճըն ճանապարհին, կամրջի տակ հայտնաբերվել էր Երեւանի 46-ամյա բնակչուհի Աննա Հովհաննիսյանի դին: Մահացածի Mitsubishi մակնիշի մեքենան դեպքի վայրում էին հայտնաբերել: Փորձագետների նախնական եզրակացությամբ, մահը վրա էր հասել կամրջից ընկնելու հետեանքով: Փաստով քրեական գործ էր հարուցվել քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին կետի (Սպանություն) հատկանիշներով:

Հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել էր Դիլիջան քաղաքի բնակիչ, 27-ամյա Արմեն Մանթաշյանը: Վերջինս ինքնախոստովանական ցուցմունքներ էր տվել եւ հայտնել, որ հանդիպել է իր վաղեմի ծանոթուհու հետ հունվարի 20-ի գիշերը: Զույգը մտել է Երեւան-Սեւան ճանապարհին գտնվող «Գինետուն» ռեստորան»: Հանդիպումն ավարտվել էր Աննա Հովհաննիսյանի մահվամբ: Սպանելով կնոջը` Մանթաշյանը նրա դին նետել էր կամրջից, զանգահարել իր ծանոթ Հովհաննես Այվազյանին եւ նույն օրն իսկ վաճառել նրա մեքենան 300 հազար դրամով` պատճառաբանելով, թե այն գողացվել է Վրաստանում: Այվազյանը մեքենան հանձնել էր իր ծանոթ Աշոտ Շահինյանին: Մի քանի ժամում Mitsubishi-ն վերածվել էր պահեստամասերի կույտի:

Արմեն Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել սպանություն կատարելու համար, իսկ Հովհաննես Այվազյանին, Աշոտ Շահինյանին եւ Հենրիխ Ստեփանյանին` հանցագործությունը պարտակելու: