Երեւանում կառուցապատողները պետք է պահպանեն շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերը, կառուցապատողը պարտավոր է շինարարությանը հարող տարածքում քաղաքացիների համար հարմար ու անվտանգ անցուդարձ ապահովել: Այսպիսի պահանջ է դրվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքի փողոցների եւ մայթերի հարակից տարածքներում աղբահանությունը պատշաճ իրականացնելու նպատակով, բոլոր վարչական շրջաններին ավելի քան 1900 աղբարկղեր են հատկացվել:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է մինչ աղբահանության մրցույթի հայտարարելը եւ համակարգի կառավարումը նոր օպերատորներին հանձնելը, կարգավորել պայմանագրային դաշտը եւ ապահովել հավաքագրումների ցուցանիշը:

Բարեկարգման ծրագրի շրջանակում, հանձնարարվել է գույքագրել եւ ընդհանուր գնահատական տալ մայրաքաղաքի ստորգետնյա անցումների այսօրվա վիճակին:   

Երեւանի կանաչ տարածքների, սիզամարգերի ու լանդշաֆտների խնամքն ապահովելու նպատակով, Կարեն Կարապետյանը հանձնարարել է գույքագրել ոռոգման ցանցի անհրաժեշտություն ունեցող տարածքները եւ տալ ֆինանսական գնահատական. «Մայրաքաղաքում կանաչապատման աշխատանքները պետք է տեսանելի լինեն եւ այդ ուղղությամբ պետք է ունենալ հստակ կիրառական ծրագիր»,- նշել է նա:

Երեւանի արտաքին տեսքի բարեկարգման շրջանակում, «Երեւանջուր», «Երեւանգազ» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին հանձնարարվել է ջրամատակարարման պոմպակայաններում, էլեկտրամատակարարման ենթակայաններում եւ գազաբաշխիչ կետերում ապահովել սանիտարական պատշաճ վիճակ եւ բարեկարգել այդ կառույցների տարածքներն ու արտաքին տեսքը: