Մենք առաջարկում ենք 2 տարվա ընթացքում հանրաքվե անցկացնել եւ անցնել կառավարման կիսանախագահական ձեւի: Այս մասին հունիսի 7-ին հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագիրը:
Նա հավելեց, որ դրանից մեկ տարի անց անհրաժեշտ կլինի անցկացնել նախագահական ընտրություններ:
«Մենք կողմ ենք կառավարման կիսանախագահական համակարգին, քանի որ Հայաստանի պես երկրների համար խորհրդարանական համակարգը օպերատիվ միջոցներ ձեռնարկելու տեսանկյունից կենսունակ չէ»,- բացատրեց Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում կիսանախագահական համակարգը իր գոյության ընթացքում ճգնաժամերին դիմակայելու ունակություն է ցուցաբերել:
Կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով ծրագրի տնտեսական մասին, ընդգծեց, որ երկրի զարգացման հիմքը պետք է դառնա տեխնոլոգիական առաջընթացը՝ առաջարկելով հետազոտությունների եւ զարգացման պետական ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 1%-ի: «Ի թիվս այլ բաների, մենք առաջարկում սկսել լիթիումային հիպերմարտկոցների արտադրություն, ինչը թույլ կտա դիվերսիֆիկացնել երկրի էներգետիկ համակարգը»,- հավելեց նա:
Ծրագրի ներկայացման ընթացքում նշվեց նաեւ միջազգային խոշոր ֆինանսական հաստատությունների հետ հարաբերություններում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, գործընկեր երկրների հետ ակտիվ համագործակցությունը, այդ թվում` Հայաստանը ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ կամուրջ դարձնելու նպատակով:
Նշենք, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից որպես Հայաստանի վարչապետի թեկնածու առաջադրվել է երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը 2017-ին սահմանադրական փոփոխությունների արդյունքներով անցել է կառավարման խորհրդարանական ձեւի:





























