Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր եւ նախկին նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին այս տարվա հունվարին քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունից հետո առաջին անգամ հանդես է եկել քաղաքական իրադարձության մեկնաբանությամբ՝ նա խոսել է այն մասին, որ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից, լքել է իշխող կուսակցությունը եւ ձեւավորել սեփականը:
Իվանիշվիլին իր հայտարարության մեջ կտրականապես հերքել է այն ենթադրությունները, թե Գախարիայի կուսակցությունը իր «քաղաքական նախագիծն» է, եւ ընդգծել է, որ նախկին վարչապետի հետ համագործակցությունն իր համար անընդունելի է: Նա նաեւ այս տարվա փետրվարին վարչապետի պաշտոնից Գախարիայի հեռանալը համարել է «դավաճանություն թիմին», գրում է «Նովոստի-Գրուզիան»:
«Երբ բարձրաստիճան պաշտոնյան այս պատրվակով դեմ է դուրս գալիս օրենքի գերակայությանը եւ հեռանում է պաշտոնից, դժվար է պատկերացնել սրանից ավելի լուրջ քաղաքական հանցագործություն: Ցավով ուզում եմ նշել, որ այս ամենը ինձ մեծ հիասթափություն է պատճառել:
Այս ամենի տրամաբանական շարունակությունն է դարձել Գեորգի Գախարիայի կողմից քաղաքական կուսակցության հիմնադրումը: Նրա կուսակցությունը չունի գաղափարական կամ հայեցակարգային հիմք եւ ակնհայտորեն ընկալվում է որպես իրավիճակային գործիք՝ իշխող թիմից գոնե փոքր թվով ձայներ խլելու համար»:





























