Ընտրակեղծիքների դեպքում մենք ունենք ուզուրպատորին իշխանությունից հեռացնելու բոլոր օրինական իրավունքները: Այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Պատահական չէ, որ միջազգային կոնվենցիաներում ապստամբության իրավունքի մասին դրույթ կա, իսկ ընտրության իրավունքը անկյունաքարային է: Այնուամենայնիվ, մենք ամեն ինչ անելու ենք սահմանադրական նորմերը պահպանելու համար»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի միակ դրդապատճառը ամեն գնով իր իշխանությունը վերարտադրելն է, քանի որ նա ընտրվելու հնարավորություն չունի, ինչպես նաեւ հաշվի առնելով քաղաքական դաշտում ձեւավորված «մինուս մեկ կոնսենսուսը»:

Ռուստամյանը նշեց, որ բոլոր այն ուժերին, որոնք առաջնորդվում են «Հայաստանն առանց Նիկոլի» սկզբունքով, դաշինքը համարում է գործընկերներ, իսկ քաղաքական դաշտում նրանց դեմ պայքարն արդեն ծավալվելու է նրան հեռացնելուց հետո:

«Որպեսզի ավելի պարզ լինի, առաջարկում եմ համեմատել, թե ինչ էր Հայաստանը 27 տարի առանց նրան եւ ինչ է դարձել նրա հետ 3 տարվա ընթացքում»,- հավելեց նա:

Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավի ընթացքում իրականացվող գործողությունները Ռուստամյանը բարձրագույն պիլոտաժ անվանեց:

«Քիչ մարդիկ կան, ովքեր մինչեւ վերջ գիտեն, թե ինչպես հասնել ծրագրում նշված նպատակներին»,- ասաց նա:

«Հայաստան» դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Ղազինյանն էլ իր հերթին շեշտեց, որ նոր իշխանությունների ամենակարեւոր խնդիրը պետք է լինի իրավունքի ապաքաղաքականացումը:

«Վերջին երեք տարիների ընթացքում հարուցվել են աննախադեպ քանակությամբ քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործեր: Եթե մենք ունենայինք ապաքաղաքականացված իրավունք, ապա 2018-ի մայիսին ոչ մեկին թույլ չէին տա ասել. «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը չի ունենա վարչապետ»»,- եզրափակեց նա: