«Գույք պարտքի դիմաց» ծրագիրը հսկայական ներդրումներ է բերել Հայաստան: Այս մասին Կապանում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հաջողված է համարում ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի խոշոր օբյեկտները փոխանցվել են ռուսական կողմին:
«Ես արդեն խոսել եմ այս մասին, հայտնել եմ իմ գնահատականը: Ողջ ունեցվածքը, որը կար ծրագրի մեջ, մնացել է Հայաստանում: Դրանց անիվներ չեն կցել եւ տեղափոխել ՌԴ: Հաստատություններն աշխատում են, հարկեր վճարում, բազմաթիվ աշխատատեղեր են ստեղծվում: Ի՞նչ վատ բան կա գործարքի մեջ: Բոլոր ձեռնարկություններում խոշոր ներդրումներ են կատարվել, տեղադրվել են նոր սարքավորումներ: Կարող եք համարել, որ սա ՌԴ-ից 100 միլիոն դոլարի ներդրում է: Փաստացի, սա է պատկերը:
Այժմ ներդրումները Հայաստանում բացակայում են: Եվ դրանք չեն լինի, եթե այս ուժը մնա, քանի որ ներդրումները պահանջում են կանխատեսելի ուժ կամ գոնե մի ուժ, որը հասկանում է, թե ինչ է խոսում: Ներդրողներից շատերը ներկայիս ղեկավարների հետ հանդիպումից հետո ինձ զարմացած հարցրել են՝ դեպի ո՞ւր են նրանք տանում: Նման տրամադրություններով ոչ ոք չի գա Հայաստան, նշանակում է՝ նոր աշխատատեղեր չեն ստեղծվի», - նկատել է Քոչարյանը:




























