ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Վաշինգտոն: Բայդենը հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Եվրոպա կատարած ճանապարհորդությունից վերադառնալուց հետո անհամբեր սպասում է այս ամառ ողջունել նրան Սպիտակ տանը: Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

«Ես ճեպազրույցների սենյակ եմ եկել Օվալաձեւ գրասենյակից, որտեղ նախագահ Բայդենը հեռախոսազրույց էր ունենում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ», - ասել է Սալիվանը լրագրողներին: «Այս զանգը նրանք ծրագրել էին նախագահ Բայդենի՝ Եվրոպա մեկնելուց եւ նախագահ Պուտինի հետ հանդիպելուց առաջ», - շարունակել է նա: «Նրանք ամերիկա-ուկրաինական հարաբերությունների բոլոր խնդիրների մասին մանրամասնորեն խոսելու հնարավորություն ունեցան, եւ նախագահ Բայդենը հավաստիացրեց, որ շարունակելու է պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Սալիվանը կրկնել է, որ Բայդենը հանդիպում է Պուտինի հետ ոչ թե հաշվի չառնելով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ լարվածության աճը, այլ հենց այդ պատճառով: «Ոչինչ չի կարող փոխարինել ղեկավարների միջեւ փոխգործակցությունը, հատկապես բարդ հարաբերություններում, սակայն Պուտինի դեպքում ամեն բան էքսպոնենցիալ է», - ասել է Սալիվանը՝  հիշատակելով «Ռուսաստանի ղեկավարի՝ որոշումների կայացման խիստ անհատականացված ոճը»: Նա հավելել է, որ Պուտինի հետ գագաթնաժողովի համար դժվար է գտնել «ավելի լավ ենթատեքստ», քան G7-ի ղեկավարների, ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ հանդիպումներից հետո:

Ավելի վաղ Axios-ի հետ հարցազրույցում Զելենսկին հորդորել է Բայդենին հանդիպել իր հետ դեմ առ դեմ «ցանկացած ժամանակ, մոլորակի ցանկացած վայրում», մինչեւ հունիսի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովը:

Զելենսկու կոչը հաջորդել է Բայդենի կողմից «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը վերահսկող իրավաբանական անձի եւ գործադիր տնօրենի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը, որը թույլ կտա Ռուսաստանին շրջանցել Ուկրաինան եւ բնական գազ հասցնել անմիջապես Գերմանիա: Ուկրաինան գազատարը դիտարկում է որպես սպառնալիք իր ազգային անվտանգության, իսկ Զելենսկին այն նկարագրել է որպես «իրական զենք» Ռուսաստանի ձեռքում:  

Պետդեպարտամենտը «Հյուսիսային հոսք 2»-ը անվանել է «ռուսական աշխարհաքաղաքական նախագիծ, որը սպառնում է Եվրոպայի եւ Ուկրաինայի էներգետիկ անվտանգությանը», սակայն Բայդենը հասկացրել է, որ չի ցանկանում փչացնել Գերմանիայի հետ հարաբերությունները գազատարի պատճառով, որի կառուցումն ամեն դեպքում անխուսափելիորեն ավարտվելու է:

Վարչակազմի աղբյուրը Axios-ին հայտնել է, որ Սպիտակ տունը մտադիր է եղել Զելենսկուն Վաշինգտոն հրավիրել Պուտինի հետ Բայդենի գագաթնաժողովին ընդառաջ, սակայն հրաժարվել է այդ մտքից, երբ Զելենսկին «Նաֆտոգազ» պետական ​​էներգետիկ ընկերության ղեկավարությանը փոխելու որոշում է կայացրել: Այս քայլը մտահոգություններ է առաջացրել վարչակազմում, որը կարծում է, որ սա նշանակում հակակոռուպցիոն պայքարից հրաժարում: