Հայկական արտադրության Pepsi-ն այլեւս հասանելի է հայ սպառողին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Pepsi արտադրող ընկերության («Ջերմուկ Գրուպ») բիզնես-խորհրդատու Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով, սակայն, պայմանավորված զովացուցիչ ըմպելիքի՝ Վրաստանից ներկրված վերջին խմբաքանակի սպառված չլինելու հանգամանքով, հայ սպառողը խանութներում, հնարավոր է, դեռեւս գտնի նաեւ վրացական Pepsi-ներ։ «Հատկանշական է, որ հայկական եւ վրացական ընպելիքների գինը նույնն է»,- տեղեկացրեց Ղազարյանը։
Հայաստանում Pepsi արտադրող ընկերության բիզնես-խորհրդատուն նաեւ հավաստիացրեց, որ հայկական արտադրանքի որակը վերահսկվում է Pepsi.Co International-ի՝ հատուկ այդ գործի համար Հայաստան գործուղված մասնագետների կողմից։ «Բացի այդ, որակն ապահովում է հենց Pepsi.Co International-ից ներկրված հումքը»,- ասաց նա։
Էդգար Ղազարյանը տեղեկացրեց, որ ընկերությունում այս պահի դրությամբ աշխատում է մոտ 140 մարդ, սակայն նախատեսվում է մինչեւ այս տարվա վերջ նրանց թիվը հասցնել 250-ի։
Ամփոփելով՝ Հայաստանում Pepsi արտադրող ընկերության բիզնես-խորհրդատուն նկատեց, որ բացի Pepsi-ից, հայաստանյան ընկերությունը թողարկում է նաեւ այդ ընկերության բրենդի ներքո արտադրվող զովացուցիչ ըմպելիքների այլ տեսակներ եւս, ինչպես օրինակ, Pepsi light, Mirinda, 7 up եւ այլն։
Նշենք, որ Pepsi արտադրող հայկական ընկերությունը գործում է մայիսից։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ազգային ժողովի պատգամավոր, «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանը գնել է վրացական PepsiCo ընկերությունը, սակայն այդ լուրերն ավելի ուշ հերքվել էին։



























