Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոստացել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ծայրահեղ աջ խմբավորումները վերացնելու համար՝ մահմեդական ընտանիքի վրա ատելության հիմքով հարձակումից հետո, ինչը ընտանիքի չորս անդամների մահվան պատճառ է դարձել, հայտնել է AP-ն:
«Սա ատելության հիմքով ահաբեկչություն էր մեր համայնքներից մեկի սրտում», - ասել է Թրյուդոն Համայնքների պալատում մեկ րոպե լռությունից հետո:
Կանադայի ոստիկանությունը հայտնել է, որ վրաերթի ենթարկված ընտանիքը դիտավորյալ հարձակման թիրախ է դարձել իր դավանանքի պատճառով: «Մենք շարունակելու ենք պայքարել ատելության դեմ համացանցում եւ դրանից դուրս (ներառյալ)՝ լրացուցիչ քայլեր ձեռնարկելով ծայրահեղ աջ խմբավորումերը վերացնելու համար, ինչպես դա արեցինք «Proud Boys»-ի հետ՝ ավելացնելով նրանց Կանադայի ահաբեկիչների ցուցակում», - ասել է Թրյուդոն:
Ոստիկանությունը 20-ամյա Նաթանիել Վելտմանին ձերբակալել է մզկիթից մոտ 500 մ հեռավորության վրա գտնվող կայանատեղիում: Նա զրահապատ բաճկոն է կրել: Վելտմանը մեղադրվում է առաջին աստիճանի սպանության չորս հոդվածներով: Իշխանությունները քննարկում են ահաբեկչության մեղադրանք առաջադրելու հնարավորությունը:





























