Վայոց Ձորի մարզում նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների այսօրվա հանդիպումը քաղաքացիների հետ ավարտվեց: Վերջին կանգառը Եղեգնաձոր քաղաքում էր: Հանրահավաքի ժամանակ «Հայաստան» դաշինքից երկրի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց քվեարկել իր կողմից ղեկավարվող քաղաքական ուժի օգտին, որն ի վիճակի է լուծել կուտակված խնդիրները: «Ներկայիս իշխանությունների օրոք միայն երեք ցուցանիշ է աճել՝ աղքատությունը, գերեզմանների քանակը եւ արտագաղթը: Մենք ի վիճակի ենք դա շտկել»,- ասաց նա: Դրանից առաջ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն այցելել էին Վայք քաղաք:
Այստեղ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց իր պաշտոնավարման ընթացքում Վայոց Ձորի մարզում ձեռքբերումները: «Հենց այդ ժամանակ էլ ներդրվեց ոռոգման համակարգը, որը հնարավորություն տվեց ավելացնել մարզում մշակվող հողատարածքների մակերեսը: Բացի այդ, առաջին անգամ փորձարկվեց կաթիլային ոռոգման համակարգը: Հենց այստեղ Հայաստանի անկախության ձեռքբեումից հետո առաջին անգամ զրոյից ճանապարհ կառուցվեց: Խոսքը Սելիմի ճանապարհի մասին է, որը Վայոց Ձորի մարզը կապեց Գեղարքունիքի հետ: Նույն ժամանակահատվածում ակտիվացավ գինեգործությունը: Հենց այստեղ սկսվեց Հայաստանում գինեգործության զարգացման նոր ակտիվ փուլը: Վերանորոգվեցին մարզի գրեթե բոլոր ուսումնական հաստատությունները: Այն ժամանակ այստեղ ֆերմերները իրենց գյուղմթերքների իրացման հետ կապված խնդիրներ չունեին, ինչպես եւ ամբողջ Հայաստանում: Չի եղել այնպիսի բան, որ մարդկանց օգնության ձեռք չմեկնեն: Դա կվերականգնվի»,- ընդգծեց նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հունիսի 8-ին նախընտրական քարոզչության շրջանակներում եղել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում: Այսօր դաշինքի ներկայացուցիչները եղել են նաեւ Սյունիքի մարզի Գորիս եւ Սիսիան քաղաքներում: Նշենք, որ 2020-ին Արցախի պատերազմից հետո Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունի մարզերում անվտանգության լրջագույն խնդիրներ են կուտակվել:





























