Կիեւյան նախաձեռնության գրասենյակը Հայաստանում ընտրել է այն 10 քաղաքները, որոնք մշակութային մեծ ժառանգություն ունեն եւ դրանց պահպանման խիստ անհրաժեշտություն կա: Հունիսի 27-ին Գյումրիում հանձնաժողովը քննարկել է տեղի մասնագետների հետ տեխնիկական բնույթի հարցեր, թե ինչ չափի եւ որքան գումարներ են անհրաժեշտ մշակութային արժեքները պահպանելու, դրանք վերականգնելու եւ հետագա տնօրինման համար:
Դրանից հետո Հայաստանի 10 քաղաքների համար Եվրախորհուրդ ներկայացնելու են կարճ ու ընդհանրական այն ծրագիրը, որը կամ կարժանանա եվրոպական հանձնաժողովի գնահատականին կամ` ոչ: Ծրագրի ազգային համակարգող Արա Մարգարյանի խոսքով, կարեւորն այն է, որ Հայաստանն արագ եւ ճիշտ ժամանակին արձագանքի, դա է Եվրախորհրդի պահանջը, հակառակ դեպքում կզրկվի ֆինանսական մեծ ներդրումներից:
«Մենք կարեւորել ենք Գյումրիի պատմամշակութային եւ քաղաքաշինական միջավայրի զարգացման «Կումայրի» ծրագրի ուղղությունները, որոնցից առաջնային համարվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացումը կամ վերականգնումը, երկրաշարժի հետեւանքով քանդված շենքերի ու հարակից տարածքների մաքրումը, անավարտ շենքերի շինարարությունը եւ եւս մի քանի այլ բնույթի մշակութային աշխատանքներ»,-հայտարարել է Արա Մարգարյանը: Մասնագետները նշել են, թե Գյումրիում խնդիրը հրատապ է, քանի որ քաղաքի պատմական ժառանգությունը պահպանելու հստակ խնդիր կա ներկայումս:
«Չմիջամտել ու չվերականգնել կնշանակի կորցնել հարուստ ժառանգությունը: Եթե Հայաստանն իր ծրագրով գրավի եվրոպացի մասնագետների ուշադրությունը, ապա նախատեսված միջոցների մի մասը Գյումրի կուղղվի»,-նշել են հանդիպմանը ներկա հյուրերը:
Իսկ միջոցառմանը ներկա Եվրախորհրդի փորձագետ Բերնարդ Բուզուն ասել է, որ իրեն ուղղակի հմայել է Գյումրիի մշակույթը, միայն թե, նրա կարծիքով, այն վերականգնման, ապա պահպանման խիստ կարիք ունի:
Նշենք, որ պիլոտային ծրագիրը 5 երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում եւ Մոլդովայում նախատեսում է շակութային կապերի ստեղծում:




























