Ուժեղ Հայաստան տանող ճանապարհին պետք է հաղթահարել երկու կարեւոր փուլ: Այս մասին Երեւանի Նոր Նորք թաղամասում «Հայաստան» դաշինքի հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ առաջին քայլը Նիկոլին ու նիկոլիզմը հեռացնելն է: «Մենք բոլորս պետք է հասկանանք, որ պարտված մարդու գլխավորությամբ չենք կարող հասնել նոր հաղթանակների: Անհրաժեշտ է երկիրն ազատել նիկոլիզմի իշխանությունից: Հայաստանն առանց Նիկոլի: Սա կարեւորագույն նպատակ է: Սա պարտադիր պայման է: Բայց ոչ բավարար: Երկրորդ փուլում անհրաժեշտ է վերացնել Նիկոլի պատճառած ավերածությունների հետեւանքները: Մեր թիմը կարող է կարճ ժամկետում շտկել իրավիճակը»,- հայտարարեց Ռուստամյանը:

Նա արձանագրեց, որ եթե Նիկոլը մնա իշխանության ղեկին, Հայաստանից ոչինչ չի մնա: «Սակայն, միեւնույն է, Նիկոլը չի խուսափի արդարադատությունից: Եւ ընտրությունները դա չեն չեղարկի: Եթե ոչ այսօր, ապա վաղը: Ամեն ինչ ձախողել է եւ անընդհատ մեղքը ուրիշների վրա է գցում: Նույնիսկ Աստծուն է հասել: Իմ կոչը ընտրողներին՝ քշի՛ր Նիկոլին, փրկի՛ր երկիրը»,- ասաց Ռուստամյանը: