ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դատարկաբանություն չի համարում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ խոսակցությունները, չնայած Ռուսաստանում հասարակական կարծիքն այլ է, հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու ծրագրի հետ կապված առաջարկի վերաբերյալ, այո, ես գիտեմ եւ տեսնում եմ մեր վերլուծաբանների մեկնաբանությունները, մեր լրատվամիջոցների, քաղաքական գործիչների արձագանքները: Բոլորը մի փոքր անլուրջ են վերաբերում [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկուն, ասում են՝ այս ամենը ուղղակի խոսակցություններ են, ոչինչ տեղի չի ունենա եւ այլն: Ես այլ կարծիք ունեմ», - հայտարարել է նա:
«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների մերձեցումը Ռուսաստանի սահմաններին չափազանց կարեւոր խնդիր է ռուսների եւ Ռուսաստանի անվտանգության համար», - նշել է Պուտինը: Նա հիշեցրել է ՆԱՏՕ-ի ընդլայնման երկու ալիքները դեպի արեւելք, որոնք տեղի ունեցան, երբ «Ռուսաստանի եւ կոլեկտիվ Արեւմուտքի հարաբերությունները բավականին ընդունելի էին, եթե չկոչենք դրանք գործընկերային», սակայն Մոսկվայի բոլոր մտահոգությունները անտեսվեցին: «Չեմ ցանկանում կոշտ բառեր օգտագործել, սակայն պարզապես թքեցին մեր շահերի վրա եւ վերջ», - նկատել է նա:
ՆԱՏՕ-ի հրթիռների թռիչքի ժամանակը մինչեւ Մոսկվա այն դեպքում, եթե Ուկրաինան միանա դաշինքին, կկրճատվի մինչեւ 7-10 րոպե: Պուտինը նշել է, որ Լեհաստանից եւ Ռումինիայից ամերիկյան հրթիռները 15 րոպեում կկարողանան հասնել Ռուսաստանի կենտրոն: «Եկեք պատկերացնենք, որ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ: Խարկովից, կամ, օրինակ, Դնեպրոպետրովսկից մինչեւ Ռուսաստանի կենտրոնական հատվածներ, մինչեւ Մոսկվա թռիչքի ժամանակը կկրճատվի մինչեւ 7-10 րոպե», - ասել է Պուտինը եւ շեշտել. «Դա մեզ համար կարմիր գի՞ծ է, թե՞ ոչ»:
ՌԴ նախագահի խոսքով՝ Մոսկվան չգիտի, թե Կիեւն ու Արեւմուտքը ինչի շուրջ են պայմանավորվել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, եւ դա հաշվի է առնում: Նա նշել է, որ Ուկրաինայի բնակիչների առնվազն կեսը չի ցանկանում, որ երկիրը միանա դաշինքին, եւ «դրանք խելացի մարդիկ են», որոնք «չեն ցանկանում թնդանոթի միս դառնալ»:





























