Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը հայտնել է, որ Բելառուսն այդպես էլ չի մարել իր պարտքը` մատակարարված էլեկտրաէներգիայի համար, թեեւ դա պետք է աներ հունիսի 27-ին:

Ռուսական ընկերությունը մտադիր է սպասել մինչեւ հունիսի 28-ը: Եթե մինչ այսօրվա ավարտը այդ պարտքը չմարվի, էլեկտրաէներգիայի մատակարարումը Բելառուս կդադարեցվի հունիսի 29-ի կեսգիշերին (Մոսկվայի ժամանակով), գրում է «ՌԻԱ նովոստին»:

Բելառուսի էներգետիկայի նախարարության մամուլի քարտուղար Լյուդմիլա Զենկովիչը հայտարարել է, որ տեղյակ չէ, թե արդյոք գումարը փոխանցվե՞լ է «Ինտեր ՌԱՕ»-ին, թե` ոչ: «Խոսքը գնում էր այն մասին, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը կդադարեցվի հունիսի 28-ի կեսգիշերին, կամ հունիսի 29-ի կեսգիշերին: Դա նշանակում է, որ մենք դեռ մեկ օր ունենք»,- ասել է մամուլի քարտուղարը:

Ռուսական կողմը կրճատել էր էլեկտրաէներգիայի մատակարարումը հունիսի 9-ից, քանի որ այդ պահին բելառուսներն արդեն 1,5 մլրդ ռուբլու պարտք էին կուտակել: Դրանից որոշ ժամանակ անց Բելառուսը վճարել էր պարտքի մի մասը եւ հունիսի 13-ին մատակարարումները ամբողջությամբ վերականգնվել էին: