Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը իր մեկնաբանությունների պատճառով տարածաշրջանային թեժ բանավեճ է հրահրել, հաղորդել է Reuters-ը:

«Մեքսիկացիները առաջացել են հնդիկներից, բրազիլացիները եկել են ջունգլիներից, իսկ մենք՝ արգենտինացիներս, եկել ենք նավերից: Դրանք Եվրոպայից եկած նավեր էին», - ասել է Ֆերնանդեսը՝ նկատի ունենալով եվրոպացի միգրանտներին: Ավելի ուշ նա ներողություն է խնդրել մեկնաբանությունների համար եւ ասել, որ կարելի է հպարտանալ իր երկրի բազմազանությամբ:  

Մեկնաբանությունները մեծ արձագանք են առաջացրել սոցցանցերում, շատերը քննադատել են Ֆերնանդեսին:

«Ես մտադիր չէի վիրավորել որեւէ մեկին, ամեն դեպքում, եթե ինչ-որ մեկն իրեն վիրավորված է զգում, ներողություն եմ խնդրում», - ասել է նախագահը Twitter-ում:

Բրազիլական ԶԼՄ-ները հրապարակել են Ֆերնանդեսի հայտարարությունները, իսկ սոցցանցերում շատերը կատակում էին, որ աջակողմյան նախագահ Ժաիր Բոլսոնարոն ուրախ կլիներ վրեժ լուծել Արգենտինայի ձախակողմյան առաջնորդից:

Բոլսոնարոն շտապել է Twitter-ում մի լուսանկար տեղադրել, որում նա բնիկների գլխաշոր է կրում եւ ժպտում է մի խումբ բնիկների հետ կանգնած: Թվիթի միակ տեքստը մեծատառերով գրված «ՋՈՒՆԳԼԻ» բառն էր՝ շրջապատված սմայլերով եւ Բրազիլիայի դրոշով: