ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել «168 ժամ» պարբերականին: Անդրադառնալով արտագաղթողների ծավալների վտանգավոր սահմանին եւ հատկապես բազմահազարանոց ընդդիմադիրների շրջանում առաջացած բողոքներին, ասել է. «Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախնե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ, ու հեղափոխությո՞ւն լինի: Ինչպե՞ս անենք, որ մարդիկ մնան Հայաստանում, պետք է այնպես անենք, որ կյանքը մեր երկրում լինի ավելի լավ, քան արտերկրում: Բայց եթե դու կյանքը սկսում ես Հայաստանում բարելավել, կրիտիկական զանգվածը չի նվազում: Ավելանում է այն զանգվածը, որն աջակցում է իշխանություններին: Հավատացեք ինձ, որ ոչ մի իշխանություն չունի այնպիսի ցանկություն, թե այնպես աշխատի, որ իր հեղինակությունը լինի ավելի ցածր, քան ընդդիմությանը»:

Վարչապետն ասել է նաեւ, որ անցկացվում են սոցիոլոգիական հարցումներ` պարզելու «մեր սեփական վարկանիշը»: Թերթի հարցին, թե ինչ կշիռ ունի այդ հարցումների համաձայն, դրանք կարո՞ղ են իրեն տանել ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականը, Տիգրան Սարգսյանը  պատասխանել է. «Երբեմն բարձրաձայնվում է, թե ես պետք է զբաղեցնեմ առաջին հորիզոնականը, երբեմն բարձրաձայնվում է, որ ես պետք է հեռանամ: Ամեն ինչ մենք մեր մամուլում կարդացել ենք: Վարկածները բազմաթիվ են ու իրարամերժ: Ասեմ, որ այդ բոլոր խնդիրները կորոշվեն մեր կուսակցության ներսում»: