ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ նրա կնոջ հետ հանդիպման է եկել մուգ բաճկոնով, որի մեջքի վերին մասում ասեղնագործած է եղել LOVE բառը: Նա ասել է, որ նախագահ Ջո Բայդենի հետ միասին Ամերիկայից «սեր» է բերել:

«Կարծում եմ, որ մենք սեր բերեցինք Ամերիկայից»,- ասել է նա, երբ հարցրել են բաճկոնի մասին:

«Մենք փորձում ենք միասնություն բերել ամբողջ աշխարհին: Կարծում եմ, որ հենց հիմա անհրաժեշտ է, որ մարդիկ համավարակի այս տարվանից հետո զգան բոլոր երկրների միասնությունը եւ հույս զգան»,- ասել է նա:

Բայդենը օգտագործում է իր առաջին արտերկրյա այցը, որպեսզի եվրոպացի դաշնակիցներին հաղորդագրություն ուղարկի այն մասին, որ Ամերիկան «վերադարձել է»:

Ինչպես նշում է AP-ն, Ջիլ Բայդենի հանդերձանքի ընտրությունը Սպիտակ տանը հետեւողներին անմիջապես հիշեցրել է մեկ այլ առաջին տիկնոջ, որը ժամանակին իր մեջքին բոլորովին այլ ուղերձ էր կրել: Նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը 2018 թվականին ապաստարաններում գտնվող միգրանտ երեխաներին այցելելու համար Տեխասի սահմանային քաղաք կատարած ուղեւորության ժամանակ հագել էր կանաչ բաճկոն, որի վրա գրված էր. «Ինձ համար իսկապես միեւնույնն է, իսկ ձեզ համա՞ր»: