Հայաստանի Սպառողների Ասոցիացիան բաց նամակ է հղել Հայաստանի վարչապետ պրն. Տիգրան Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, որտեղ առաջարկում է Երեւանի տրանսպորտային համակարգի հենասյունը դարձնել էլեկտրատրանսպորտը:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Երեւանի տրանսպորտային ցանցի ներկա վիճակը չի համապատասխանում ուղեւորների նվազագույն պահանջներին եւ չունի զարգացման հանրօգուտ տեսլական: Հասկանալի է, որ միկրոավտոբուսներն ըստ իրենց տեխնիկական բնութագրի, նախատեսված չեն միլիոնանոց քաղաքում ուղեւորափոխադրումների համար` հատկապես դրանց ներկայիս բեռնվածությամբ եւ մաշվածությամբ: Սակայն ավտոբուսային պարկի ավելացումը մենք համարում ենք միայն մասնակի լուծում, քանի որ, նույնիսկ եթե համարենք, որ ավտոբուսներն իրենց աղմկային ֆոնով եւ հարմարավետությամբ չեն զիջում տրոլեյբուսներին, միեւնույն է, դրանք առկա են թողնում տնտեսական եւ բնապահպանական խնդիրներ:

1) Տրոլեյբուսների ցանցն ընդլայնելով` հասարակական տրանսպորտի ոլորտում հնարավոր է ապահովել ներմուծման փոխարինում, այն է` ներմուծվող վառելիքի սպառումը կփոխարինվի Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի օգտագործման ավելացմամբ: Այդ խնդրի լուծմանը կնպաստի միայն էլեկտրոտրանսպորտի զարգացումը` զգալիորեն նվազեցնելով հանրապետության կախվածությունը ներմուծվող վառելիքից: Բացի դրանից, այդ դեպքում քաղաքի տրանսպորտային համակարգը կդիվերսիֆիկացվի, ինչն էլ ոլորտում մրցակցության աճ կստեղծի:

2) Այսօր, երբ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների ճնշող մեծամասնությունը չի գործոեւմ, մայրաքաղաքի աղտոտումների հիմնական մասը բաժին է ընկնում ուղեւորատրանսպորտին: Երեւանի տրանսպորտային համակարգի հենասյունը դարձնելով էլեկտրոտրանսպորտը` հնարավոր կլինի էապես կրճատել օդի աղտոտվածությունը:

Միկրոավտոբուսների եկամտաբերությունը գոյանում է  մեր իսկ` բնակչութան կողմից վճարվող ուղեւարձերից: Հետեւաբար, ավելի նպատակահարմար ենք գտնում նույն միջոցներն ուղղել հասարակության եւ քաղաքի  համար ավելի պիտանի եւ արժանապատվությանը հարիր փոխադրամիջոցի զարգացանը: Գիտակցում ենք նաեւ, որ երթուղային տաքսիների ոլորտը, լինելով բարձր եկամտաբեր, դարձել է տարբեր մակարդակի շահերի թիրախ: Սակայն հավատում ենք, որ վճռականությունն ու պատրաստակամությունը` երկրի քաղաքացիների կյանքի որակի բարձրացման գործում, անլուծելի չեն թողնի այս խնդիրը:

Սույնով հայտնում ենք նաեւ հարցի քննարկմանը մասնակցելու մեր պատրաստակամությունը»: