Անգամ եթե Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրաժարվի անձնական միջնորդական ծառայություններից ղարաբաղյան կարգավորման հարցում, Ռուսաստանը, ցանկացած դեպքում ներգրավված է գործընթացում որպես Մինսկի խմբի համանախագահ եւ որեւէ տեղ չի կարող կորչել: Այդ մասին SalamNews-ին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆիքրեթ Սադիղովը՝ մեկնաբանելով տեղեկությունը, թե հիասթափվելով Կազանի հանդիպումից Մեդվեդեւը կարող է հրաժարվել իր միջնորդական նախաձեռնություններից:

«Մեդվեդեւը կարող է մի կողմ քաշվել եւ դադարեցնել իր առաքելությունը, դա առաջին հերթին իր իրավունքն է եւ որեւէ մեկը չի կարող նրան ստիպել: Բայց անձամբ ես չեմ հավատում, քանի որ Ռուսաստանը լուրջ շահեր ունի եւ նման հեշտությամբ Մեդվեդեւը չի հրաժարվի միջնորդական առաքելությունից»,- ասել է քաղաքագետը:

Նա նկատել է, որ թեեւ Կազանում առաջընթաց չի գրանցվել, սակայն «որոշակի առաջընթաց է արձանագրվել որոշ հարցերում»: «Եթե Մեդվեդեւը հրաժարվի, դա մեզ այնքան էլ չի հուզի: Նա պարզապես իր տեղը կզիջի Մինսկի խմբի մեկ այլ համանախագահի՝ Ֆրանսիային կամ ԱՄՆ-ին, եւ մենք դրան համաձայն ենք: Եթե դա արդյունք կտա, մենք դեմ չենք»,- նշել է ադրբեջանցի քաղաքագետը: