«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դրական է վերաբերում իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը, քանի որ երկխոսությունն առճակատումից ավելի լավ է։ Հունիսի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
«Ավելին, ԲՀԿ-ն ողջունում է երկխոսությունը եւ իր ուժերի ներածի չափով կմասնակցի դրան։ Այլ խնդիր է, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը դեռեւս չի ձեւավորվել։ Երկխոսության գնալուց առաջ կողմերը նախեւառաջ պետք է կողմնորոշվեն դրա բովանդակության հարցում։ ԲՀԿ-ն, չհասկանալով բանակցությունների իմաստը, կարծում է, որ երկխոսությունը պետք է իրականացվի ոչ թե այդ ձեւաչափով, այլ պարզապես քննարկումների ձեւով, որոնց ընթացքում կարող են բարձրացվել երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման ու կառավարման արդյունավետության բարձրացման հարցեր»,-նկատեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Վարդան Բոստանջյանի խոսքով, երկխոսությունը միջազգային ֆորում չէ, ոչ էլ ընդդիմությունն է թշնամի, հետեւաբար բանակցությունների ձեւաչափը տեղին չէ։
Նշնք, որ հունիսի 17-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արձագանքել էր Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսությանն առնչվող հարցերին: Նա մասնավորապես նշել էր. «Երկխոսության, քննարկումների միջոցով առկա խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը միակ տրամաբանական եւ ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար: Մեկ անգամ եւս կրկնում եմ` մենք միշտ բաց ենք եղել եւ պատրաստ ցանկացած քննարկման: Եվ եթե կան քաղաքական ուժեր, որոնք ունեն կոնկրետ ու ողջամիտ առաջարկություններ, մենք պատրաստ ենք կոնկրետ լուծումների»:




























