Հայաստանի Ագրարագյուղացիական միությունը Հայաստանի ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է եռք բերել այն մասին, որ գյուղմթերքով բեռնված մեքենաները առաջիկա 2 ամսում ավտոտեսուչների կողմից ընդհանրապես չեն կանգնեցվի:
Այդ մասին այսօր` հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով, տեսուչները մեքենան կկանգնեցնեն միայն ծայրահեղ դեպքերում, երբ, օրինակ, վարորդը հարբած է: Անգամ ԱՊՊԱ-ն ստուգելու համար մեքենաներին չեն կանգնեցնի: «Էլի մանր-մունր բաներ կան, որ տեսուչը կարող է կանգնեցնել, օրինակ` լուսամփոփը չի աշխատում, բայց պայմանավորվեցինք, որ նման բաների վրա ուշադրություն չեն դարձնի»,- ասաց Հ. Բերբերյանը; Ընդ որում` պայմանավորվածությունը ուժի մեջ կլինի հանրապետության ողջ տարածքում: Տեսուչների կողմից այդ պայմանավորվածությունը խախտելու դեպքում Հ. Բերբերյանը խորհուրդ տվեց զանգահարել 540788 թեժ գծով` խոստանալով, որ այդ ավտոտեսուչները կպատժվեն:




























