Այն, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կազանյան հանդիպումն ավարտվեց ապարդյուն, մեղավոր է Բաքուն, որը հատուկ ձախողեց փաստաթղթի ստորագրումը Վաշինգթոնի դրդմամբ: Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ նման կարծիք է հայտնել Սեւծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Զախարովը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մեջ եւ միտումնավոր սադրում է Բաքվին ռազմական գործողությունների, որպեսզի օգտվի իրավիճակից եւ Լեռնային Ղարաբաղում իր խաղաղարարներին տեղակայի, ինչպես Վրաստանում: «Այդկերպ ԱՄՆ-ը փորձում է Լեռնային Ղարաբաղը դարձնել պլացդարմ իր ռազմաօդային ուժերի համար` 2012-ին Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար»,- ասել է փորձագետը՝ հավելելով, որ այդ համատեքստում ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում ակնկալել պետք չէ: