Վրաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանին է հղել խոստացված նոտան` առաջարկելով բանակցություններ սկսել այն հարցերի շուրջ, որոնք վրացական կողմը ներառել էր Հաագայի միջազգային դատարան ներկայացրած իր հայցի մեջ։ Քանի որ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն փաստաթուղթը ռուսական կողմին փոխանցել է Շվեյցարիայի դեսպան Գյունտեր Բեհլերի միջոցով, հայտնում է Georgia Times-ը։

Նոտայում խոսքը գնում է «վրացական կողմի պատրաստակամության մասին՝ բանակցություններ սկսել Ռուսաստանի կողմից ռասայական խտրականության չեզոքացման ՄԱԿ-ի կոնվենցիան խախտելու հարցերի շուրջ»։

Թբիլիսին, մասնավորապես, Ռուսաստանին մեղադրում է 2008 թվականին Հարավային Օսիայում էթնիկ զտումներ իրականացնելու մեջ։

Նշենք, որ Հաագայի միջազգային դատարանը ապրիլի 1-ին քննության չէր առել էթնիկական զտումների մասին Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցը։ Դրա պատճառ նշվել էր այն, որ Վրաստանը հայց ներկայացրել է առանց նախապես փորձեր անելու՝ բանակցել Ռուսաստանի հետ։