Եգիպտոսում ոստիկանության եւ երիտասարդների բախման հետեւանքով, գիշերը տուժել է 47 մարդ, հիմնականում ոստիկանության աշխատակիցներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ալ-Ահրամ» կայքը:
Իրավապահների տվյալներով, երիտասարդների խմբերը զանգվածային անկարգություններ են հրահրել եւ հարձակվել ոստիկանների վրա հեռուստակենտրոնի եւ Թահրիր հրապարակի շրջանում: Ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել:
Ցուցարարները պնդում են, որ հենց ոստիկանությունն է կոպիտ կերպով խոչընդոտել հունվարի 25-ի հեղափոխության զոհերի հարազատներին հիշատակի միջոցառումներ իրականացնել եւ հարձակվել է անզեն քաղաքացիների վրա:
Միջադեպին ականատես լրագրողների վկայությամբ, Կահիրեի կենտրոնում իսկական ճակատամարտ է ընթացել, 47 մարդու տեղափոխել են հիվանդանոց՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, նաեւ գազային թունավորմամբ:
Վերջին շաբաթներին Եգիպտոսում բողոքի նոր ալիք է բարձրանում այս անգամ արդեն զինվորական ղեկավարության դեմ, որին մեղադրում են ժողովրդավարական բարեփոխումները ձգձգելու մեջ:




























