ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի գլխավորած պատվիրակությունը:
ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը երկուստեք նշել են, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունն արդյունավետորեն զարգանում է եւ անդրադարձել են Աֆղանստանում տեղակայված հայկական զինուժի փաստին:
Համագործակցության առումով, Արթուր Բաղդասարյանն առանձնացրել է արտակարգ իրավիճակների ոլորտը, որտեղ իրականացվող բարեփոխումների շրջանակներում կառավարության որոշմամբ ստեղծվել է ճգնաժամերի կառավարման կենտրոն, ինչպես նաեւ նախատեսվում է ներդնել եվրոպական 211 կամ ամերիկյան 911 մոդելի արագ արձագանքման համակարգ: Նրա խոսքով, Հայաստանում մշակվել եւ արդյունավետորեն իրականացվում է ոստիկանական ոլորտի բարեփոխումների ծրագիր Եվրամիության եւ ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ, սակայն առկա են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հնարավորություններ ոլորտի որոշակի կոնկրետ ուղղություններով` կիբեր ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղություններով: Նա նշել է, որ արդեն մշակվել է կիբեր ահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիր:
Տարածաշրջանային խնդիրների քննարկման ընթացքում ԱԱԽ քարտուղարն անընդունելի եւ ոչ կառուցողական է համարել Ադրբեջանի դիրքորոշումը, ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում` նշելով, որ Հայաստանը կողմ է բանակցային ուղով եւ փոխընդունելի փոխզիջումների միջոցով խնդրի հանգուցալուծմանը:
Չնայած պատմական անցյալին` Հայաստանն իր մեջ ուժ գտավ նստելու բանակցային սեղանի շուրջ` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նպատակով, այնինչ Թուրքիան շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը` սառեցնելով հարաբերությունների կարգավորման նպատակով ստորագրված արձանագրությունների վավերացումը: Ավելին, Հայաստան-Թուրքիա գործուն երկաթգծի առկայության պայմաններում մեր հարեւան երկիրը միլիոնավոր դոլարներ է ներդնում Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան` Հայաստանը շրջանցող մեկ այլ երկաթգծի շինարարության մեջ, ինչը վերը նշվածի վառ ապացույց է: Այնուամենայնիվ, գերակա համարելով տարածաշրջանային խաղաղությունը եւ հարաբերությունների նորմալացումը հարեւանների հետ` Հայաստանը հավատարիմ է մնում է իր կառուցողական մոտեցումներին եւ բաց իր հայտարարություններում:




























