Հայ զինվորները պատվով են պահպանում հայրենիքի սահմանները։ Այս մասին հունիսի 29-ին՝ անհետ կորածների հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը, հայտարարեց Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Փառք ու պատիվ զոհվածներին եւ անհետ կորածներին։ Նրանցից շատերի ճակատագրերն անհայտ են։ Հնարավոր է՝ նրանցից շատերը կենդանի չեն, սակայն նրանց հրազատները շարունակում են հուսալ եւ սպասել»,- ասաց նախարարը։

Օհանյանը հայտնեց, որ պաշտպանության նախարարությունը եւ Գերիների ու անհետ կորածների պետական կոմիտեն աշխատանքներ են տանում, ձեռք են բերվել որոշակի արդյունքներ, եւ խոստացավ, որ աշխատանքը հետեւողականորեն շարունակվելու է։

Նա նշեց, որ այս առնչությամբ ճշգրտվում են ցուցակները եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն է իրականացվում։

Նախարարը հարազատներին համբերություն ցանկացավ եւ ընդգծեց, որ նրանց որդիների եւ ամուսինների կողմից սկսված գործը կիսատ ճանապարհին չի մնացել։ «Զինված ուժերը պատվով են կատարում հայրենիքի պաշտպանությունը եւ ապահովում հայ ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունը»։