Եթե վաղը՝ հունիսի 30-ին կայանալիք Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ իշխանությունները քաղաքացիների համար տրանսպորտային խոչընդոտներ ստեղծեն, ՀԱԿ-ն իր համակիրներին կոչ կանի դիմել Տրանսպորտի նախարարություն եւ պահանջել, որպեսզի վերջինս պատժամիջոցներ կիրառի խախտումներ թույլ տվող մասնավոր ընկերությունների նկատմամբ։ Հունիսի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը։
Նա տեղեկացրեց, որ հունիսի 30-ին կայանալիք հանրահավաքում իրենք անդրադառնալու են ինչպես արտաքին ու ներքաղաքական զարգացումներին, այնպես էլ հարցին, թե ինչպես է ՀԱԿ-ը պատկերացնում իշխանությունների հետ երկխոսությունը:
Համոզմունք հայտնելով, որ քաղաքական ճգնաժամը Հայաստանում 2008-ից ի վեր շարունակում է մնալ չհաղթահարված, Կարապետյանը նկատեց, որ այս կարծիքը կիսում է նաեւ ԵԽԽՎ-ն, որի՝ Հայաստանի վերաբերյալ 4 բանաձեւերը մատնանշել են, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը շարունակվում է։ «Ճգնաժամը հաղթահարելու բազմաթիվ ճանապարհներ են նշվում, իսկ ՀԱԿ-ը կարծում է, որ ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են»,- նկատեց Վլադիմիր Կարապետյանը։
Ամփոփելով՝ ՀԱԿ ներկայացուցիչը նաեւ հիշեցրեց՝ օրերս ընդունած ԵԽԽՎ 18.27 բանաձեւում հստակ նշվում է, որ հայաստանյան իշխանությունները արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսություն դեռեւս չեն սկսել եւ կոչ է արվում հնարավորինս արագ սկսել այդ գործընթացը։
Նշենք, որ հունիսի 17-ի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արձագանքել էր ՀԱԿ-ի հետ երկխոսությանն առնչվող հարցերին: Նա մասնավորապես նշել էր. «Երկխոսության, քննարկումների միջոցով առկա խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը միակ տրամաբանական եւ ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար: Եթե կան քաղաքական ուժեր, որոնք ունեն կոնկրետ ու ողջամիտ առաջարկություններ, մենք պատրաստ ենք կոնկրետ լուծումների»:




























