Թբիլիսիի կլինիկաներից մեկում սուր աղիքային վարակից մահացել է 11-ամյա մի երեխա: Ինչպես հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը, երեխային հիվանդանոց էին տեղափոխել երեկոյան, սակայն վերակենդանացման գործողությունները որեւէ օգուտ չեն տվել: Մահվան պատճառը երիկամային անբավարարությունն է:

Առայժմ չկան բժիշկների պաշտոնական մեկնաբանությունները, սակայն որոշ տվյալներով, երեխայի անալիզներն ուղարկվել են լաբորատոր ստուգման՝ Եվրոպայում տարածված E.coli վարակի առկայությունը պարզելու համար:

Նշենք, որ հունիսի 19-ի դրությամբ Եվրոպայում այդ վարակից մահացել էին 39 մարդ, իսկ վարակվածների թիվը գերազանցել էր 3 հազարը: Վարակի աղբյուրը առայժմ չի հաջողվել գտնել: