Հայաստանի եւ Ավստրիայի մաքսային ծառայությունների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել: Այն այսօր` հունիսի 29-ին  ստորագրել են Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ Հայաստանում Ավստրիայի դեսպան Միխայել Փոսթլը:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԵԿ-ի նախագահն ընդգծել է, որ միջազգային կապերի ամրապնդման ուղղությամբ սա հերթական համաձայնագիրն է: «Բարեփոխումներ փուլում գտնվող մեր համակարգի համար սա շատ կարեւոր փաստաթուղթ է: Փոխգործակցության այսպիսի համաձայնագրերը հնարավորություն են տալիս Հայաստանին տեղեկատվության փոխանակման, նաեւ` հետբացթողումային հսկողության գործընթացներն ավելի կատարելագործել եւ հասցնել այն մակարդակի, որ նախատեսված է  բարեփոխումների ծրագրով: Այսպիսով կլրացվեն այն բացերը, որոնք առաջանում էին ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայության պատճառով: Համաձայնագիրը նաեւ սահմանի վրա ազատ առեւտրի ռեժիմը մեղմացնելու հնարավորություն է տալիս»,- ասել է Կոմիտենի նախագահը:

Դեսպան Միխայել Փոսթլն էլ նշել է, որ Ավստրիան եւս կարեւորում է համագործակցությունը հայասատանյան մաքսային ծառայության հետ:

«Փաստաթղթի ստորագրմամբ ուղղակի կապ կհաստատվի երկու երկրների մաքսային ծառայությունների միջեւ, ինչն էլ ավելի արդյունավետ կդարձնի ներմուծումների եւ արտահանումների ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտումը»,- ասել է նա: