Երեւանում այսօր` հունիսի 29-ին ժամը 13:30-ի սահմաններում, Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի «Պիոներ պալատի» նկուղային հարկում քայքայված բալոն կա, որը, հնարավոր է, պայթի:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության  աշխատակիցները Էրեբունի վարչական շրջանի «Պիոներ պալատից» տարհանել են երեխաներին ու ծնողներին:

Այս պահին սակրավորներն իրենց հատուկ սարքերով տեղազննման աշխատանքներ են կատարում: Տարածքը հսկում են ոստիկանության Էրեբունիի բաժնի աշխատակիցները: Ահազանգել են նաեւ, որպեսզի «Պիոներ պալատի» շենքին մոտենան նաեւ Ջրմուղի աշխատակիցները:

Հատուկ խմբերով, ոստիկանների ուղեկցությամբ այդ բալոնը կտեղափոխվի լաբորատորիա, որտեղ կնշանակվի փորձաքննություն, ճշտելու համար դրա վտանգավորության աստիճանը:

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում է Երեւանի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի