Ռուսական «Նովայա գազետա» թերթը հրապարակել է Wikileaks-ի ձեռքի տակ հայտնված ամերիկյան դիվանագետների նոր գրագրություններ, որտեղ տեղեկություններ կան ռուս քաղաքական գործիչների վերաբերյալ:
Wikileaks-ը պնդում է, որ բոլոր այդ փաստաթղթերը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատնից ԱՄՆ պետքարտուղարություն ուղարկված գաղտնի գրություններ են: Դրանք պատրաստվել են 2010-ի փետրվարին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսի հետ 4 ռուս փորձագետների հանդիպումների նյութերի հիման վրա:
Գրությունների հեղինակները համարում են, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի դիրքերը 2012-ին կայանալիք ընտրություններում ավելի թույլ են, քան վարչապետ Վլադիմիր Պուտինինը, ով, նրանց կարծիքով, ցանկանում է վերադառնալ երկրի ղեկավարի իր դերին:
Փորձագետների գնահատականներով, ռուսական իշխող էլիտան հասկանում է կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը, սակայն «պահպանվում է ստատուս քոն, որը թույլ է տալիս թխվածքից մի մեծ կտոր պոկել եւ մասնաբաժին ստանալ բնական ռեսուրսների արտահանումից»:




























