Հայաստանի կենտրոնական բանկը «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Քրքում ադամի» արծաթե հուշադրամը:
ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուշադրամի դիմերեսի աջ հատվածում «Քրքում ադամի» ծաղիկն է: Ձախ հատվածում պատկերված է ծաղկաթերթի մի մասը: Ամբողջ մակերեսով տեղադրված է գունավոր ոճավորված պատկեր: Դիմերեսին եզրաշուրթի մոտ կիսաշրջագծով վերեւում հայերեն եւ ներքեւում անգլերեն մակագրված են համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի անվանական արժեքը երկու տողով նշված է ներքեւի հատվածում` “1000” եւ “ԴՐԱՄ”: Դաշտի աջ հատվածում թողարկման տարեթիվն է` «2011»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են «Քրքում ադամի» ծաղիկը եւ ցողունները: Աջ հատվածում պատկերված ծաղկաթերթի մի մասը ավարտվում է հուշադրամի դիմերեսին: Դարձերեսի եզրով հայերեն եւ լատիներեն մակագրված է ծաղկի անվանումը համապատասխանաբար` «ՔՐՔՈՒՄ ԱԴԱՄԻ» եւ «Crocus adamii»: Դարձերեսի ներքեւի աջ հատվածում նշված են հուշադրամի մետաղը եւ հարգը` «Ag 925»:
Հուշադրամի պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Մայեր դրամահատարանում (Գերմանիա):



























