Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն հայ գործընկերոջ՝ Էդվարդ Նալբանդյանի հետ Թբիլիսիում այսօր կայացած հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ «Հայաստանն ու Վրաստանը երբեք այնքան հիանալի հարաբերություններ չեն ունեցել, որքան այսօր, չնայած որ անցյալում եւս երկու երկրների հարաբերություններում հատուկ խնդիրներ չեն եղել»։

Ինչպես հայտնում է «Գրուզիա online»-ը, հայ դիվանագետի այցն աշխատանքային բնույթի է։ Երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը մամուլի համար փակ է եղել, լրագրողներին նախարարները կարճ մեկնաբանություններ են տվել։ «Մենք հանդիպում ենք տարեկան 3-4 անգամ, այդ է պատճառը, որ թույլ չենք տալիս՝ մեր հարաբերություններում խնդիրներ կուտակվեն։ Այս անգամ էլ քննարկել ենք մեզ հետաքրքրող հարցերը»,- ընդգծել է Վաշաձեն։

Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նկատել է, որ բացի երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր քննարկելուց, քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր։ Սակայն կոնկրետ ինչ հարցեր՝ չի մանրամասնել։ Նալբանդյանը նաեւ գոհունակություն է հայտնել Վրաստանի հետ ներկայիս  հարաբերությունների մակարդակից։ «Չկան հարցեր, որոնք անհնար է լուծել երկկողմ ձեւաչափով»,- ընդգծել է նա։