Հունաստանի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարները սկսել են դյուրավառ հեղուկով շշեր եւ քարեր նետել ոստիկանների վրա` օրենսդիրների կողմից սպասվող մինչեւ 2015թ տնտեսման նոր կոշտ մեթոդների վերաբերյալ քվեարկության դեմ անցկացվող ակցիայի շրջանակներում: Ի պատասխան` հատուկ ջոկատայինները սաղավարտներով եւ հակագազերով ու վահաններով արցունքաբեր գազ են կիրառել:
Ինչպես տեղեկացրել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» -ը, կատաղի բախումների ընթացքում ցուցարարները հարվածել են ոստիկաններին ցուցապաստառների մահակներով, որին ի պատասխան` հատուկ ուժերը օգտագործել են ռետինե մահակներ: Կան վիրավորներ, ձերբակալվել է մի քանի մարդ:
Միջազգային վարկատուները Հունաստանին վերջնագիր են ներկայացրել` կապված տնտեսման նոր կոշտ մեթոդների օրենքի ընդունման հետ, որի հետեւանքով նախատեսվում է կրճատել բյուջետային ծախսերը 28 միլիարդ եվրոյով եւ ավելացնել հարկերը: Նման միջոցների կիրառումը գլխավոր պայմանն է, որպեսզի Հունաստանը ստանա Եվրամիության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի 12 միլիարդ վարկը:
Խորհրդարանի դիմաց հունիսի 28-ի բողոքի ակցիային մասնակցել է 20 հազար մարդ: Հրապարակում գտնվող ցուցարարները ուշադրությամբ հետեւել են քննարկումների եւ քվեարկության արդյունքներին, որոնցից էլ կախված կլինի նրանց հետագա գործողությունները:
Ցուցարարները կոչ են արել Հունաստանին` հրաժարվել Եվրամիության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի այս ծրագրից, որը թոշակառուներին եւ սովորական աշխատողներին թշվառություն կբերի, իսկ հարուստներին` նոր շահույթ:




























