Ոստիկանության Լոռիի մարզային վարչությունում այսօր` հունիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենա է գլորվել ձորը:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ում, այսպես կոչված, «Սատանի կամուրջ» կոչվող հատվածից «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շուրջ 150 մետր գահավիժել ձորը: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Քիչ առաջ ԱԻՆ Լոռու մարզի փրկարարական վարչության աշխատակիցները  վարորդի` 47-ամյա Սեյրան Հախոյանի ամբողջովին մոխրացած մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել եւ տեղափոխել Վանաձորի դիահերձարան:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի մարզի ոստիկանության աշխատակիցները, Լոռիի մարզի դատախազության դատախազ Արթուր Պողոսյանը, դատաբժիշկն ու Լոռու մարզային վարչության քննիչ Հրաչ Մարգարյանը, ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարական վարչության օպերատիվ խումբը` փրկարարական բաժնի պետ Սեյրան Խաչատրյան գլխավորությամբ, նաեւ փրկարարական ջոկատի փրկարարները` հրամանատար Սերգեյ Ղարաքեշիշյանի գլխավորությամբ:

Աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը:

Ավտոմեքենան ձորից դուրս չի բերվի, քանի որ այն ամբողջովին մոխրացած է: Թե որն է եղել տեղի ունեցածի պատճառը, կպարզվի նախաքննության ընթացքում:

Այրված «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան պատկանել է «Պրիզ» տաքսի ծառայությանը: Առավոտյան ժամը 09:00-ից տաքսի ծառայությունից կապ են տվել տվյալ ավտոմեքենային, սակայն վարորդը կապին չի պատասխանել, որից հետո նրանք ժամը 14:00-ին դիմել են Լոռու մարզի փրկարար ծառայությանը:

Նշենք նաեւ, որ վթարի վայրից ոստիկաններն ու փրկարարները մոտավորապես 3-4 կմ ոտքով որոնողական աշխատանքներ են կատարել, մինչեւ կարողացել են հայտնաբերել ավտոմեքենան:

Փաստի առթիվ հարուցվել է քրական գործ 242-ի 2-րդ մասի հատկանիշներով:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի