Ճապոնական «Ֆուգակու» գերհամակարգիչը պահպանել է աշխարհում ամենաարագի կարգավիճակը: Դա կրկին հաստատել են «Թոփ -500» միջազգային նախագծի փորձագետները, որոնք որոշում են այս ոլորտի վարկանիշները, երեքշաբթի հաղորդել է Nikkei թերթը:

«Ֆուգակուն» աշխարհում ամենաարագն է ճանաչվել 2020 թվականի հունիսին: Այս կարգավիճակը նոյեմբերին վերահաստատվել է: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ը եւ Չինաստանը ծրագրում են այս տարի գործարկել ավելի հզոր գերհամակարգիչներ, եւ «Ֆուգակուն» կարող է կորցնել աշխարհում ամենաարագի դիրքը:

Այն ամբողջ հզորությամբ գործարկվել է այս տարվա մարտին՝ Կոբա քաղաքում գտնվող Ճապոնիայի բնական գիտությունների պետական ինստիտուտի հաշվարկային կենտրոնում: Այս գերհամակարգիչը ստեղծվել է Fujitsu Electrical Corporation-ի կողմից` Riken-ի հետ համատեղ: Այն ունակ է վայրկյանում ավելի քան 415 քվադրիլիոն հաշվարկ կատարել: Դա 2,8 անգամ գերազանցում է Թենեսի նահանգի Օք Ռիջ քաղաքում գտնվող ԱՄՆ ազգային լաբորատորիայի Summit գերհամակարգչի արագությանը, որը նախկին վարկանիշում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը, իսկ այժմ նահանջել է երկրորդ տեղ: Երրորդ տեղում նույնպես ամերիկյան գերհամակարգիչ է, իսկ չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականները զբաղեցնում են Չինաստանի մեքենաները:

Ներկայումս «Ֆուգակուն» ներգրավված է ավելի քան հարյուր տարբեր հետազոտությունների մեջ, ներառյալ համավարակի, արհեստական բանականության եւ մթնոլորտի կանխատեսման ոլորտում զարգացումների հետ կապված: «Ֆուգակուն» ճապոնացիների համար սուրբ Ֆուձի լեռան անուններից մեկն է: Այս բառը կա նաեւ Fujitsu ընկերության անվան մեջ։