Windows 11-ի տարածումը կսահմանափակվի՝ հնացած պրոցեսորների պատճառով: Այս մասին հայտնել է The Verge-ը:

Windows 11-ի թողարկումից առաջ Microsoft-ի ներկայացուցիչներն ասում էին, որ պրոցեսորների համար ներկայացվող պահանջները բավականին մեղմ են լինելու: Այնուամենայնիվ, լրագրողները նկատել են, որ ընկերությունը բազմիցս թարմացրել է էջը նոր համակարգային պահանջներով: Դատելով ընթացիկ տվյալներից՝ նոր ՕՀ-ն աշխատում է Intel պրոցեսորներով՝ սկսած ութերորդ սերնդից (Coffee Lake), ինչպես նաեւ Xeon Skylake-SP, Xeon Cascade Lake-SP, Xeon Cooper Lake-SP եւ Xeon Ice Lake-SP:

Windows 11-ով աշխատող AMD պրոցեսորների թվում է Ryzen 2000-ը եւ ավելի նոր չիպեր, ինչպես նաեւ 2-րդ սերնդի EPYC-ն ու այլ սարքավորումներ:

Լրագրողները նկատել են, որ նման քաղաքականության շնորհիվ հնարավոր է, որ Windows 10-ով աշխատող միլիոնավոր համակարգիչներ չունենան թարմացումներ: «Սա 2012 թվականին Windows 8-ի թողարկումից ի վեր սարքավորումների պահանջների առաջին էական փոփոխությունն է, եւ պրոցեսորի փոփոխությունները հասկանալի պատճառներով զարմացնում են մարդկանց», - ընդգծել են մասնագետները: Հեղինակները նաեւ պարզել են, որ նոր սերնդի օպերացիոն համակարգը հնարավոր չէ տեղադրել Microsoft Surface Studio 2 հիբրիդային համակարգչում, որը ընկերության խանութում դեռ 3500 դոլարով է վաճառվում:

Windows 11-ի հայտարարությունը եղել է հունիսի 24-ին: ՕՀ-ն անվճար հասանելի կլինի Windows 10-ի օգտատերերի համար:

Նոր սերնդի օպերացիոն համակարգի հայտարարությունից հետո Microsoft-ը թվարկել է ՕՀ-ի տեղադրման սահմանափակումները: Windows 11-ը տեղադրելու համար համակարգիչը պետք է աշխատի UEFI-ով, Secure Boot անվտանգության արձանագրությունով եւ ունենա TPM գաղտնագրային պրոցեսոր: