WhatsApp հայտնի մեսենջերում գործարկվել է մի քանի սարքերում նույն հաշվի միաժամանակյա օգտագործման գործառույթը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով WABetainfo պորտալին:

Այն բանից հետո, երբ օգտագործողի սարքերը կապվեն, դրանցից գլխավորը ցանցում մնալու կարիք չի ունենա, որպեսզի WhatsApp Web-ը եւ WhatsApp Desktop-ը միաժամանակ աշխատեն: Այս ռեժիմում կարելի է օգտվել հաշվին կցված հինգ սարքերից:

Նշվում է, որ միաժամանակ մի քանի սարքեր օգտագործելիս հաղորդակցությունը նախկինի պես կոդավորված կլինի՝ WhatsApp ալգորիթմների օգնությամբ:

Մինչ այժմ գործառույթն աշխատում է միայն 2.21.14.1 համարի հավելվածի բետա տարբերակում եւ միայն Android-ով։ Ավելի ուշ նման հնարավորությունը բոլորին հասանելի կդառնա: