«ՕԵԿ-ն այսօրվա դրությամբ ընտրություներին մասնակցելու է միայնակ. եւ մենք միասնական ցուցակով կմասնակցենք միայն այն դեպքում, եթե դա բխի ընդհանուր, միասնական քաղաքական թիմի քայլերի հետագա անհրաժեշտությունից, տրամաբանությունից»: Այդ մասին «Հայլուր հարցազրույց» ծրագրին ասել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ մեկնաբանելով առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցության մասնակցելու հնարավորությունը:
Դիտարկմանը, թե կոալիցիոն գործընկերներից ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին, իսկ ՕԵԿ-ի շարքերից էլ հայտարարություն է եղել, որ կոալիցիան միասնական ցուցակով հանդես կգա, Արթուր Բաղդասարյանը պատասխանել է. «Նախ ասեմ, որ դեռեւս նման քննարկում չի եղել եւ առնվազն ՕԵԿ-ից չի եղել տեսակետ, որ կոալիցիան միասնական է մասնակցելու: Երեւի եղել է մոտեցում, որ կլինեն քննարկումներ եւ միասին, թե առանձին մասնակցելու ձեւաչափը կորոշվի այդ քննարկումների արդյունքում»,- նշել է Բաղդասարյանը:
Վերջինիս կարծիքով, ՕԵԿ-ը 14 տարեկան քաղաքական կազմակերպություն է, որը բոլոր համապետական ընտրություններում ապացուցել է իր մրցունակությունը: «Մենք բոլոր ընտրություններում հաղթել ենք եւ վստահ ենք, որ առաջիկա ընտրություններում եւս ՕԵԿ քաղաքական կազմակերպությունն իր պատվավոր տեղը կունենա ապագա ԱԺ-ում, իսկ ավելի գլոբալ իմաստով, թե ինչպես կմասնակցեն երեք կոալիցիոն ուժերը ընտրություններին, կարծում եմ, կոռեկտ կլինի խոսել ներկոալիցիոն քննարկումներից հետո, որը, ամենայն հավանականությամբ, մենք կանենք սեպտեմբեր ամսին»,- ասել է նա եւ հավելել. «ՕԵԿ-ն այսօրվա դրությամբ ընտրություներին մասնակցելու է միայնակ. եւ մենք միասնական ցուցակով կմասնակցենք միայն այն դեպքում, եթե դա բխի ընդհանուր, միասնական քաղաքական թիմի քայլերի հետագա անհրաժեշտությունից, տրամաբանությունից»:




























