Ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսը New Shepard տիեզերանավով դեպի տիեզերք իր առաջին թռիչքին է հրավիրել 82-ամյա օդաչու Ուոլի Ֆանկին, որին ժամանակին մերժել էին տիեզերք թռչել սեռի պատճառով:

Blue Origin ընկերությունը հայտարարել է, որ Ուոլի Ֆանկը հուլիսի 20-ին լինելու է նավի վրա` որպես պատվավոր հյուր: Նա կմիանա Բեզոսին, նրա եղբորը եւ բարեգործական աճուրդի հաղթողին:

Ֆանկը «Մերկուրի 13» կանանց խմբից է, որը 1960-ականներին մարզվել է որպես տիեզերագնացների խումբ, սակայն երբեք չի թռչել տիեզերք, եւ նույնիսկ չի ընդգրկվել NASA-ի տիեզերագնացների ջոկատում, քանի որ նրանք կին են եղել: Այն ժամանակ NASA-ի բոլոր տիեզերագնացները ռազմական փորձարկման օդաչուներ էին եւ տղամարդիկ:

Ֆանկը կդառնա տիեզերք թռչող ամենատարեց մարդը:

"Ժամանակն է: Բարի գալուստ մեր թիմ, Ուոլի: Շատ ուրախ ենք, որ հուլիսի 20-ին թռչելու եք մեզ հետ՝ որպես մեր պատվավոր հյուր», - Instagram-ում գրել է Բեզոսը:

Օդաչու եւ թռիչքի նախկին հրահանգիչ Ֆանկը եղել է Քաղաքացիական ավիացիայի դաշնային կառավարման առաջին կին տեսուչը եւ Տրանսպորտային անվտանգության հարցերով ազգային խորհրդի առաջին կին քննիչը: