Մենք ուրվագծել ենք որոշակի թեզեր և ճակատագրական ձևակերպումներ, որոնք պետք է անպայման տեղ գտնեն ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ներկայացնելով Արցախի կարգավիճակին առնչվող հայտարարությունը, որը հնարավոր չեղավ հնչեցնել խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստում:
Նա տեղեկացրեց, որ այդ հայտարարության նախագիծը ներառված էր հունիսի 15-ի հերթական քառօրյա նիստերի օրակարգում, բայց այդ օրերին իշխող ուժը զբաղված էր քարոզարշավով և քվորում չի ապահովել:
Թովմասյանի խոսքով՝ Հայաստանը Արցախի ապագային առնչվող որևէ փաստաթուղթ ինքնուրույն չի հռչակել, որ առնվազն ինքն իր համար հասկանա, թե ինչ է Արցախը, ինչ նպատակներ կան նրա ապագայի մասով, և առաջարկվող հայտարարությունը հենց դրանով էր կարևոր:
Պատգամավորն ընթերցեց հայտարարությունը, որում ասվում է, որ ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանում հայատյացությունը, և ագրեսիայի պատճառով տարածաշրջանում նոր պատերազմ է հրահրվել, որտեղ ադրբեջանական կողմը օգտագործել է արգելված զենքեր, օկուպացրել է տարածքներ և նշվում է Արցախի ապագային առնչվող թեզեր:
«Այս փաստաթղթին իրենց դրական եզրակացությունն էին տվել ինչպես ՀՀ ԱԳՆ-ն, որը մեկ ամսից ավելի է գոյություն չունի, իր քվեարկությամբ համաձայնություն էր տվել արտաքին գործերի հանձնաժողովը, ինչպես նաև կառավարության մյուս գերատեսչություններ, բայց այս փաստաթուղթը չընդունվեց հեռացող խորհրդարանի կողմից»,-հայտարարեց Թովմասյանը:





























