Այս տարի առողջապահության ոլորտում իրականացվում է հավաստագրերի, շտապ օգնության արդիականցման եւ համավճարային սկզբունքի ներդրման ծրագրերը: Այս մասին այսօր՝  հունիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը` հավելելով, որ մինչեւ բարեփոխումների սկսելը, ստեղծվում են մոնիտորինգային խմբեր եւ մարտ-ապրիլ ամիսներին իրականացրել են բոլոր բարեփոխումների ծրագրերի ընդհանուր դիտարկում:

«Բարեփոխումներն, իրոք,փոխել են առողջապահության համակարգը: Իհարկե, բարեփոխումների ընթացքում բացահայտվում են որոշակի խնդիրներ, դրանք ունեն խորը պատմական արմատներ եւ դրանցից շատերը կապված են հարակից ծառայությունների հետ»,-նշեց նա:

Սուրեն Քրմոյանի խոսքով` արձանագրվել են երեք խմբի թերություններ` կազմակերպչական, ֆինանսական եւ վարքագծային: Քննարկելով առկա խնդիրները եւ թերությունները` առողջապահության նախարարը հանձնարարական է տվել առողջապահական հաստատություններում ստեղծել կառավարման համակարգ: Այսինքն` տնօրենների հետ մեկտեղ կլինեն նաեւ կառավարման խորհուրդներ հասարակական հիմունքներով, որում ընդգրկված կլինեն ոչ միայն նախարարությունից, այլեւ բազմաթիվ հ/կ-ներից: «Կառավարման խորհուրդը լուծելու է բժշկական հաստատության բոլոր ռազմավարական խնդիրները»,- նշեց նա` հավելելով, որ հաջորդ քայլը լինելու է մասնավոր բուժհաստատություններում կառավարման խորհուրդներ ստեղծելը: